Իրավապաշտպանները չեն պատրաստվում համագործակցել զինդատախազության հետ

Mikayel-Danielyan---Chairman«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության անդամները մտադրություն չունեն ընդգրկվել ՀՀ զինդատախազության ստեղծվող աշխատանքային խմբում, որը ուսումնասիրելու է 2011 թվականից ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը:
Աշխատանքային խմբի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Epress.am-ի հետ զրուցել են «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը և նույն կազմակերպության ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը: Դանիելյանը կարծիք է հայտնել, որ հանձնաժողովի կանոնակարգը ստեղծված է այն նպատակով, որպեսզի իրավապաշտպան կազմակերպության ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը չներգրավվի այդ հանձնաժողովում: Մասնավորապես, զինդատախազության հայտարարության մեջ նշվում է, որ հասարակական կազմակերպությունները կարող են մասնակցել աշխատանքային խմբի գործունեությանը մասնագիտությամբ իրավաբան իրենց ներկայացուցիչների միջոցով, որոնք մասնագիտական գիտելիքներ պետք է ունենան քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի բնագավառներում: Մինչդեռ ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, ով, ըստ Դանիելյանի, լավագույն է իր ասպարեզում, չունի իրավաբանական կրթություն:

«Նրանք շատ լավ հասկանում են, որ Մարտիրոսյանը միակ իրավապաշտպանն է, ով իրոք զբաղվում է բանակում տեղի ունեցած սպանությունների բացահայտումներով, և արդեն իսկ կանոնակարգում նրա դեմ արգելք է դրված», – ասել է Դանիելյանը՝ ընդգծելով, որ լավագույն իրավապաշտպանները, որպես կանոն, իրավաբանական կրթություն չունեն:

Դանիելյանն ասել է, որ արգելքի բացակայության դեպքում էլ, միևնույնն է, իրենց կազմակերպության անդամները չէին մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին:«Մենք համարում ենք, որ նմանատիպ հանձնաժողովները ստեղծվում են միայն մի բանի համար՝ պահպանել այն իմիջը, որն ուզում են ստեղծել մեր իշխանությունները: Մենք ունենք այսպիսի հանձնաժողովների մի շարք օրինակներ՝ Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի հանձնաժողովները, ՔԿՀ-ում իբր թե դիտորդություն իրականացնող հասարակական խումբը: Այսպես կոչված համակարգային իրավապաշտպանները մտնում են այս հանձնաժողովների մեջ ու վահանի պես կանգնում են մեր զինվորա-ոստիկանական պետության առջև՝ պաշտպանելով իրենց միջազգային հանրության ճնշումներից՝ այս կամ այն հարցում», – նշել է մեր զրուցակիցը:

Դանիելյանի խոսքով՝ միջազգային հանրության կողմից գործադրվող ճնշման դեպքում հայաստանյան իշխանությունները միանգամից գտնում են ձևը՝ հանձնաժողով ստեղծելով:
«Որպես օրինակ բերեմ բանտերի պաատմությունը, որոնք սարսափելի վատ վիճակում էին: Ատեղծեցին հանձնաժողովը, սակայն բանտերը մնացին նույնը: Հանձնաժողովներ ստեղծելու միջոցով իրավապաշտպանների և իշխանությունների միմյանց հետ համագործակցելը ամենավատ տարբերակն է: Ընդհանրապես՝ համագործակցել այսպիսի իշխանությունների հետ՝ անընդունելի է իրավապաշտպանների համար», – եզրափակել է Դանիելյանը:
Ռուբեն Մարտիրոսյանը, իր հերթին, Epress.am -ի հետ զրույցում հավաստիացրել է, որ արդարադատության իրականացման գործում շահագրգիռ պետական բարձրագույն մարմին ունենալու դեպքում ստեղծվող հանձնաժողովի բոլոր անդամները, առանց բացառության, կհայտնվեին բանտում: «Թույլ տալ հանցագործներին, որ իրենք քննարկեն իրենց կատարած հանցագործությունը և՛ անբարոյական է, և՛ անհեթեթ», – ասել է փորձագետը:

Ruben-Martirosyan---Army-Case-ExpertՆա նշել է, թե զինդատախազի հայտարարությունը ցույց է տալիս, որ այդ կառույցը ոչ թե պետական, այլ մասնավոր մարմին է:
«Ուղղակիորեն զինդատախազությունը հայտնում է, որ ինքը հրաժարվում է 2011 թվականից առաջ կատարված սպանության գործերով քննություն կատարելուց: Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ, որ այսօր քննության մեջ են գտնվում Տիգրան Օհանջանյանի, Վալերի Մուրադյանի, Արայիկ Ավետիսյանի սպանությունների գործերը: Սրանք մինչև 2011-ը կատարված սպանություններ են: Ուրեմն զինդատախազը ձևակա՞ն է այդ գործերը քննում, չի՞ պատրաստվում արդյունավետ քննություն վարել ու մեղավորներին պատժել», – ասել է Մարտիրոսյանը:

 

Տեղեկատվությունը՝ Epress.am-ի

  • Created on .
  • Hits: 2233
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association