Դատավորների ու Փաստաբանների պալատի խորհրդի կասկածն ու վախը

Դատարանն ու Փաստաբանների պալատը հանրությանը ծառայող երկու կարևոր կառույցներն են, որոնց թափանցիկ աշխատանքը հանրության համար պետք է լինի բացարձակին մոտ: Հրապարակայնության որևէ սահմանափակում պետք է ուղղակիորեն սահմանվի սահմանադրությամբ կամ օրենքով:

Շուրջ 4 ամիս է՝ ՓՊ խորհրդում կարգապահական վարույթներով նիստերն անց են կացվում փակ: Այդ նիստերի ճնշող մեծամասնությունը վերաբերում են քաղաքական գործերով սանկցիայի ենթարկված, ինչպես նաև պալատին կամ իշխանության մարմիններին որևէ կերպ քննադատող փաստաբաններին: Որպես կանոն, խորհուրդը հաճույքով տույժի է ենթարկում փաստաբաններին: Զարմանալի ոչինչ չկա: Պարզապես պետք է արձանագրել՝

 

  1. Մինչև 2017 թ. դեկտեմբեր ամիսը նիստերը տեսանկարահանելու կամ ԶԼՄ-ների ներկայության խնդիր չկար: Սահմանափակումներն առաջացան այդ պահից, քանի որ իշխանության պատվերով պալատում սկսվում էր լայնածավալ պատժամիջոցների շրջան՝ դեռևս 2017 թ. հունիս-հոկտեմբեր ամիսներին սանկցիայի ենթարկված փաստաբանների նկատմամբ (դեկտեմբերից մինչ օրս պալատի խորհրդի նիստերի օրակարգերը դրա վառ ապացույցն են):
  2. Փաստաբանների նկատմամբ սանկցիաների առյուծի բաժինը «պարգևել» է դատավոր Արտուշ Գաբրիելյանը, մեծ «ավանդ» ունի նաև դատավոր Տաթևիկ Գրիգորյանը: Նրանք համաձայնություն չտվեցին պալատում նիստերի հրապարակային անցկացման համար: Այս պարագայում պալատի և դատավորների կարծիքը «պատահականորեն» համընկավ:
  3. Պալատի խորհուրդն իր վարքով և ակտիվ գործողություններով մոռացավ, որ իր միակ գերակա գործառույթը փաստաբանին աջակցելն ու պաշտպանելն է: Հակառակ դրան, խորհուրդը սկսեց անհնազանդ փաստաբանների մասսայական հետապնդում՝ ուղղակիորեն դառնալով այդ գործին լծված դատարանների, դատախազության, ոստիկանության աջակիցը (նկատեք, որ հենց այս մարմիններում են խախտվում մարդու իրավունքները):

Դատավոր Հ. Ավագյանը, ով ևս քաղաքական դատավարության ընթացքում դատական սանկցիայի էր ենթարկել փաստաբանին, չառարկեց խորհրդի նիստի հրապարակային անցկացմանը: Ի տարբերություն նրա՝ նույնանման փաստական հանգամանքների պայմաններում դատավորներ Գաբրիելյանն ու Գրիգորյանը դեմ եղան:

Պալատի խորհուրդը այդ եզակի դեպքով նիստը ստիպված անցկացրեց հրապարակային (դեկտեմբերից հետո սա եղել է միակ նկարահանված նիստը):

Պալատի նիստերը կարելի է ձայնագրել, բայց ոչ նկարահանել: Հետևաբար ի՞նչ են թաքցնում կամ գուցե պաշտպանում պալատում, երբ արգելում են նիստի նկարահանումը: Թաքցվում կամ գուցե պաշտպանվում են թերևս նիստի մասնակիցների դեմքերն ու դրսևորած վարքը: Գուցե թաքցվում է այն, որ նիստը անց է կացվում փոփոխական կազմով:

Իսկ ի՞նչ են ցանկանում թաքցնել դատավորները, սա արդեն այլ հարց է: Օրինակ, երբ դատավորներ Ա. Գաբրիելյանը և Տ. Գրիգորյանը համաձայնություն չեն տալիս նիստերը նկարահանելու համար, նրանք ինչի՞ց են վախենում կամ խուսափում, չէ՞ որ փաստաբանին սանկցիայի ենթարկելու որոշումը հրապարակել են դատարանում, հրապարակային: Կասկածու՞մ, թե՞ վախենում են, որ իրենց որոշումը մերկացվելու է խորհրդի նիստի ժամանակ. ԱՅՈ՛, կասկածում և վախենում են միաժամանակ: Այս կասկածներն ու վախն ունեն նաև խորհուրդը՝ դրանով իսկ դառնալով կախյալ և անդեմ կառույց:

Պաշտոններ զբաղեցնող տիկնա՛յք և պարոնա՛յք, համոզված եղեք, որ ապօրինության ու կեղծիքի դեմ պայքարելու և ընդվզման ոգի ունեցող որևէ մեկը չի ընկրկելու: Ձեր կասկածն ու վախը ձեր թուլությունն են:

Արայիկ Պապիկյան

Փաստաբան

Հելսինկյան ասոցացիա ՀԿ

28908367 1735474779845592 1185719340 n

  • Created on .
  • Hits: 3196
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association