“Զիբիլիքս”-ի գործ․ 11 անձինք դատապարտվեցին տուգանքի

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն այսօր հրապարակեց հանրության կողմից «Զիբիլիքս»-ի անունը ստացած գործով դատավճիռը։

2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական փուլում ՀՀԿ օգտին քվեարկելու համար կաշառք տալու գործով Երեւանի  քաղաքապետարանի կոմունալ վարչության նախկին պետ,  Արաբկիրի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական  Հրայր Անտոնյանին  դատավորը մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքում եւ դատապարտեց  2  մլն 500  հազար դրամ տուգանքի։

Մինչդեռ  մեղադրող Հայկ Պետրոսյանը միջնորդել էր Հրայր Անտոնյանին դատապարտել 3  տարվա ազատազրկման։  Նույն պատժաչափը մեղադրողը  պահանջել էր նաեւ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանի համար։ Վերջինս եւս դատապարտվեց  2  մլն 500  հազար դրամ տուգանքի։

Այս գործի հենց սկզբից   «Հելսինկյան ասոցիացիա»-ն մշտադիտարկում էր իրականացնում։ Նախորդ դատական նիստին «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանի պաշտպան Մանվել Ալեքսանյանը հանդես էր եկել ճառով՝ մասնավորապես նշելով «Մենք եկել ենք, համագործակցել ենք եւ ակնկալում էինք, որ այսօր հարգարժան մեղադրողը չառաջարկի ազատազրկման հետ չկապված պատժի դեմ։ Այսուհետեւ ես կհավատա՞մ Գլխավոր դատախազությանը, իհարկե չեմ հավատա։ Ի՞նչ, ի՞նչ է արել իմ պաշտպանյալը, արել է ընդամենը մի արարք, որը մինչեւ սեպտեմբերյան ընտրությունները խրախուսելի էր։ Խրախուսելի էր իշխող համակարգի կողմից՝ Հանրապետական կուսակցության կողմից։ Եթե դա չանեին, կզրկվեին իրենց աշխատանքից»,-  ասել էր Մանվել Ալեքսանյանը։

Գործով անցնող մյուս անձինք՝  Արմեն Ազոյանը, Երվանդ Բեգլարյանը, Հովհաննես Գալստյանը, Մինաս Շահինյանը, Ալեքսան Խաչատրյանը, Տարոն Սարգսյանը, Սեյրան Հակոբյանը, Աշոտ Գեւորգյանը դատապարտվեցին 2  մլն 300  հազար դրամ տուգանքի։  Մինչդեռ մեղադրողը պահանջել էր նրանց դատապարտել 2 մլն 500 հազար դրամ տուգանքի։   Հեղինե Փոգրարյանին էլ դատարանը դատապարտեց  2 մլն 250 hազար դրամ տուգանքի, թեեւ մեղադրողը միջնորդել էր սահմանել փորձաշրջան՝ երեք տարի ժամանակով։

Հիշեցնենք, որ «Զիբիլիքսի» գործը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով։ Այն վերաբացվեց միայն  թավշյա հեղափոխությունից հետո: Երեւանի ավագանու 2017 թ մայիսի 14-ի ընտրությունների քարոզչության վերջին օրը «Ելք» դաշինքը իրավապահներին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ դրան կցելով Հանրապետական Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մոտ տեղադրված աղբամաններից հայտնաբերված սկանդալային փաստաթղթեր, որոնք վկայում էին, որ Հանրապետականի կողմից ընտրակաշառքի բաժանումը կրել է համակարգված եւ կենտրոնացված բնույթ:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 447
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association