Դատարաններ

Դատական մշտադիտարկում և լուսաբանում։ Արդար դատաքննության արտաքին երաշխիքներ․ ուղեցույց

Ուղեցույցը հայերեն հրատարակություն է, որը պատրաստել է «Հելսինկյան ասոցիացիա»  հասարակական կազմակերպությունը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»  ծրագրի շրջանակներում: Ուղեցույցի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Հելսինկյան ասոցիացիա»  հասարակական կազմակերպությանն են, և պարտադիր չէ, որ արտահայտեն  Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության տեսակետները:

Ուղեցույցը նախատեսված է դատական մշտադիտարկմամբ և լուսաբանմամբ  հետաքրքրված կամ դրանով զբաղվող՝ տարբեր ոլորտներում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար: Այնուամենայնիվ, այն կարող է կիրառել յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է  տեղեկանալ դատական մշտադիտարկման և լուսաբանման վերաբերյալ ու զբաղվել նշյալ գործունեությամբ:


Դատական մշտադիտարկման և լուսաբանման ուղեցույց1 02 512

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2327
0
0
0
s2sdefault

Խոշտանգման գործով արդարացման դատական ակտը բեկանվել է

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը որոշել է բեկանել ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ  Գերասիմ Մարդանյանի գործով դատական ակտը։

   Գերասիմ Մարդանյանը մեղադրվում է  խոշտանգման մեջ։    Ըստ մեղադրանքի՝  հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, Գերասիմ Մարդանյանը 2017թ հոկտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության Իջեւանի շենքում խոշտանգել է Ժորա Սիմոնյանին։   Ըստ գործի նախաքննության՝  ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի ծառայողները 2017 թվականի հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ Վահրամ Սիմոնյանին ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Իջևանի բաժին: Ոստիկանության աշխատակիցների պահանջով Վահրամ Սիմոնյանի եղբայրը՝ Ժորա Սիմոնյանը, ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժին է տեղափոխել եղբոր վարած ավտոմեքենան, որից հետո ոստիկանները նրան ուղեկցել են Իջևանի բաժնի աշխատասենյակներից մեկը: Այնուհետև աշխատասենյակ է մտել հիշյալ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գերասիմ Մարդանյանը և ենթադրելով, որ Ժորա Սիմոնյանը նույնպես մասնակցել է ապօրինի ծառահատմանը, եղբոր հետ գտնվել է նույն ավտոմեքենայում ու չի ենթարկվել ավտոմեքենան կանգնեցնելու ոստիկանների պահանջին, այդ արարքի համար պատժելու նպատակով խոշտանգել է վերջինիս. ապտակել է դեմքին, ոտքերով հարվածել որովայնին եւ ոտքերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

   Սակայն  2018 թ փետրվարի 6-ին  Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Զոյա Զաքինյանն արդարացրել էր ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գերասիմ Մարդանյանին։

   Գործով տուժող Ժորա Սիմոնյանի  ներկայացուցիչ, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ   փաստաբան  Արա Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ դատավոր  Մնացական Հարությունյանը  որոշել է  մասնակիորեն բավարարել թե իր,  եւ թե դատախազ  Վարդգես Սարգսյանի բողոքները եւ  գործն ուղարկել նոր քննության։   Սակայն ինչ ծավալով պետք է քննություն իրականացվի, դեռ պարզ չէ, որոշումը  չեն ստացել։  Արա Ղարագյոզյանի համար նախընտրելի կլիներ, որ դատարանն ամբողջությամբ բավարարեր բողոքը՝ ճանաչելով խոշտանգման փաստը։  Ըստ նրա՝ դատավոր Զոյա Զաքինյանին   հավատ չէր ներշնչել  ինչպես դատաբժշկական փորձաքննության արդյունքները, այնպես էլ տուժող   Ժորա Սիմոնյանի  եւ նրա ընտանիքի անդամների ցուցմունքները։  Սակայն դատավորն արժանահավատ էր համարել գործով ամբաստանյալ Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ոստիկանների ցուցմունքները։

  Ի դեպ,  ՄԻԵԴ-ը խոշտանգման գործերով բազմիցս արձանագրել է, որ  դատարանները պաշտոնյանների ցուցմունքներն ավելի արժանահավատ են համարում, քան տուժողների ցուցմունքները, իսկ դա  համարվում է ՄԻԵԿ-ի 3-րդ հոդվածի խախտում։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1146
0
0
0
s2sdefault

“Զիբիլիքս”-ի գործ․ 11 անձինք դատապարտվեցին տուգանքի

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն այսօր հրապարակեց հանրության կողմից «Զիբիլիքս»-ի անունը ստացած գործով դատավճիռը։

2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական փուլում ՀՀԿ օգտին քվեարկելու համար կաշառք տալու գործով Երեւանի  քաղաքապետարանի կոմունալ վարչության նախկին պետ,  Արաբկիրի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական  Հրայր Անտոնյանին  դատավորը մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքում եւ դատապարտեց  2  մլն 500  հազար դրամ տուգանքի։

Մինչդեռ  մեղադրող Հայկ Պետրոսյանը միջնորդել էր Հրայր Անտոնյանին դատապարտել 3  տարվա ազատազրկման։  Նույն պատժաչափը մեղադրողը  պահանջել էր նաեւ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանի համար։ Վերջինս եւս դատապարտվեց  2  մլն 500  հազար դրամ տուգանքի։

Այս գործի հենց սկզբից   «Հելսինկյան ասոցիացիա»-ն մշտադիտարկում էր իրականացնում։ Նախորդ դատական նիստին «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանի պաշտպան Մանվել Ալեքսանյանը հանդես էր եկել ճառով՝ մասնավորապես նշելով «Մենք եկել ենք, համագործակցել ենք եւ ակնկալում էինք, որ այսօր հարգարժան մեղադրողը չառաջարկի ազատազրկման հետ չկապված պատժի դեմ։ Այսուհետեւ ես կհավատա՞մ Գլխավոր դատախազությանը, իհարկե չեմ հավատա։ Ի՞նչ, ի՞նչ է արել իմ պաշտպանյալը, արել է ընդամենը մի արարք, որը մինչեւ սեպտեմբերյան ընտրությունները խրախուսելի էր։ Խրախուսելի էր իշխող համակարգի կողմից՝ Հանրապետական կուսակցության կողմից։ Եթե դա չանեին, կզրկվեին իրենց աշխատանքից»,-  ասել էր Մանվել Ալեքսանյանը։

Գործով անցնող մյուս անձինք՝  Արմեն Ազոյանը, Երվանդ Բեգլարյանը, Հովհաննես Գալստյանը, Մինաս Շահինյանը, Ալեքսան Խաչատրյանը, Տարոն Սարգսյանը, Սեյրան Հակոբյանը, Աշոտ Գեւորգյանը դատապարտվեցին 2  մլն 300  հազար դրամ տուգանքի։  Մինչդեռ մեղադրողը պահանջել էր նրանց դատապարտել 2 մլն 500 հազար դրամ տուգանքի։   Հեղինե Փոգրարյանին էլ դատարանը դատապարտեց  2 մլն 250 hազար դրամ տուգանքի, թեեւ մեղադրողը միջնորդել էր սահմանել փորձաշրջան՝ երեք տարի ժամանակով։

Հիշեցնենք, որ «Զիբիլիքսի» գործը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով։ Այն վերաբացվեց միայն  թավշյա հեղափոխությունից հետո: Երեւանի ավագանու 2017 թ մայիսի 14-ի ընտրությունների քարոզչության վերջին օրը «Ելք» դաշինքը իրավապահներին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ դրան կցելով Հանրապետական Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մոտ տեղադրված աղբամաններից հայտնաբերված սկանդալային փաստաթղթեր, որոնք վկայում էին, որ Հանրապետականի կողմից ընտրակաշառքի բաժանումը կրել է համակարգված եւ կենտրոնացված բնույթ:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1038
0
0
0
s2sdefault

Դատավորն արգելել է տեսանկարահանում իրականացնել

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն այսօր արգելել է «Հելսինկյան ասոցիացիա»-ի դիտորդ Գեղամ Մելքոնյանին տեսանկարահանում իրականացնել։ Դիտորդը մասնակցում էր «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի առեւանգման փորձի քրեական գործով դատական նիստին։ Այս գործով ամբաստանյալը Արամ Պետրոսյանն է։ Նա մեղադրվում է 2018թ․ ապրիլի 20-ին անչափահաս Դավիթ Ավետիսյանին բացահայտ առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալու մեջ։ Քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ, խմբի կազմում բռնություն գործադրելով վերջինիս նկատմամբ, փորձել է բացահայտ առևանգել նրան, սակայն հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում։

Տեսանկարահանման դեմ առարկել է ամբաստանյալի պաշտպան Արմեն Մելքոնյանը։ Նա միաժամանակ դատախազին հիշեցրել է, որ տուժողն անչափահաս է։ Սակայն տուժող կողմը դեմ չի եղել տեսանկարահանմանը։

Շատ են դեպքերը, երբ դատավորները որոշում են կայացնում չտեսանկարահանել միայն պաշտպանական կողմին, իսկ դատավարության մյուս մասնակիցներին տեսանկարահանելը թույլատրվում է։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը հաճախ է դատական նիստերի ընթացքում արգելում իրականացնել տեսանկարահանում։ Ի դեպ, այս դատավորը 2016 թ․ օգոստոսի 2-ին որոշում է կայացրել կալանավորել Հաց բերողին՝ Արթուր Սարգսյանին։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 974
0
0
0
s2sdefault

Դատախազության պարզաբանման վերաբերյալ հայտարարություն

Հայտարարություն

ՀՀ դատախազության 2018 թ. հոկտեմբերի 4-ի Պարզաբանում Ռուզաննա Ադանալյանի հայտարարությունների

վերաբերյալ վերտառությամբ նյութի մասին

2018թ. հոկտեմբերի 4-ի երեկոյան ՀՀ դատախազությունը տարածել է Պարզաբանում Ռուզաննա Ադանալյանի
հայտարարությունների վերաբերյալ վերտառությամբ հոդված:
Հարկ ենք համարում նշել, որ դատախազության «պարզաբանման» մի շարք մտքեր և պնդումներ չեն
համապատասխանում իրականությանը, իսկ որդեկորույս ծնողի զգազմունքային պահվածքին համահունչ։ Ավելին՝ վերջինիս
ոչ իրավաչափ պահվածքը վկայում է, որ դատախազությունը ոչ միայն զերծ չի մնացել զսպվածությունից և
չեզոքությունից, այլ դրսևորել է վարքագիծ, որը կարող է անթաքույց հովանավորչության տպավորություն ստեղծել:
Այսպես, «պարզաբանման» մեջ նշված է՝
«1. Հ. Թոփչյանին հայտնաբերելու համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու վերաբերյալ
հետաքննության մարմնին տրվել են բազմաթիվ հանձնարարություններ, որոնց կատարումն արդյունք չի տվել»:
Հ. Թոփչյանի ՀՀ-ում գտնվելու վերաբերյալ հավաստի ապացույցները դեռևս ամիսներ առաջ ներկայացվել է
դատախազությանը, և անհասկանալի է, որ դատախազության համար նրա հայտնաբերումը մինչ օրս հնարավոր չի եղել:
«2. Փորձաքննության եզրակացությամբ ընդամենը չի բացառվել վնասվածքները ինչպես չափային և այլ
հատկանիշներով նույնական երկու, այնպես էլ մեկ գործիքով պատճառելը»:
Փորձաքննությունների անարժանահավատ լինելը, դրանցում լուսանկարչական հավելվածի բացակայությունը ինքնին
վկայում են, որ դատախազությունը որդեգրել է անթույլատրելի ապացույցների միջոցով կոծկել իրական ճշմարտության
բացահայտումը:
Նույն պատկերն է նաև դատախազության «պարզաբանում» կոչվածի մյուս բոլոր մտքերի և դատողությունների
դեպքերում ևս:
Ուշագրավ է, որ քրեական գործի քննության ընթացքում դատախազությունը պարզաբանումների միջոցով
ներկայացնում է պաշտոնական դիրքորոշում և «պարզաբանումի» միջոցով օբյեկտիվ քննության պատրաստակամության
պատրանք ստեղծում:
Արդյո՞ք այդ «պարզաբանումից» հետո որևէ մեկը կարող է ակնկալել, որ դատարանում մեղադրանքը պաշտպանող
դատախազության ներկայացուցիչն այլևս կաշկանդված չէ:
Կոչ ենք անում դատախազությանը՝ ղեկավարվել ՀՀ Սահմանադրությամբ և Դատախազության մասին օրենքով իրեն
վերապահված իրավասությունների տիրույթ, «պարզաբանումներ» տալ առանց զգացմունքների և քրեական գործի
քննությանը խոչընդոտելու:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ՝
Նինա Կարապետյանց
Արայիկ Պապիկյան
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 3050
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association