Փաստաբանների պալատը դեմ է տեսանկարահանման, եթե այն իրականացնում է «Հելսինկյան ասոցիացիա»-ն

ՀՀ փաստաբանների պալատի  ներկայացուցիչ Գեւորգ Մկրտչյանը, նախքան իր կարծիքը դատական նիստի ընթացքում տեսանկարահանման մասին հայտնելը, ցանկացավ ճշտել, թե ո՞վ է  տեսանկարահանում անցկացնելու։ Պարզելով, որ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նկարահանող խումբն է, առարկեց․ «Առարկում եմ։ Ծանոթ եմ իրենց գործելաոճին, եւ տեսանյութը կարող է յուրովի մեկնաբանվել»,- ասաց Գեւորգ Մկրտչյանը։

Հայցվոր Արայիկ Պապիկյանը Պալատի ներկայացուցչի պատճառաբանությունը չփաստարկված եւ հիմնազուրկ որակեց։

Այսօր դատարանում Արայիկ Պապիկյանը վիճարկում էր Փաստաբանների պալատի նախագահի 10.08.2017թ. թիվ 233-Ա/ԿԳ-17068 և Խորհրդի 05.04.2018թ. թիվ ԿԳ/65-Ա որոշումները։

Դատավոր Դիանա Հովհաննիսյանը  պարզաբանեց, որ  դատական նիստի տեսանյութի բացակայությունը կարող է դատական նիստն այլ կերպ մեկնաբանելու և ներկայացնելու տեղիք տալ, և ընդհակառակը,  տեսանկարահանման եւ նկարահանման դեպքում շատ ավելի հեշտ է խուսափել հնարավոր «յուրովի» մեկնաբանություններից։  

Իր խոսքում նշելով, որ  աշխատում է «Հելսինկյան ասոցիացիա»-ում, Արայիկ Պապիկյանը տեղեկացրեց, որ կազմակերպությունն իրականացնում է ինչպես իր, այնպես էլ այլ փաստաբանների նմանատիպ գործերով դատական նիստերի մշտադիտարկում և տեսանկարահանում դատարաններում։  

Այնուամենայնիվ, Փաստաբանների պալատի ներկայացուցիչը պնդեց իր կարծիքը, և դատավորը, հղում անելով «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքին եւ պատասխանող կողմի առարկությանը, ստիպված եղավ արգելել տեսանկարահանում անցկացնելը։

Այս գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ հայցվոր կողմի մոտ հայցի հիմքի փոփոխության անհրաժեշտություն կա։  Դատական նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի 16-ը։

Նույն հիմքով հետաձգվեց նաեւ Փաստաբանների պալատի նախագահի 15.09.2017թ. թիվ 295-Ա/ԿԳ-17111 և խորհրդի 15.03.2018թ. թիվ ԿԳ/51-Ա որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին նիստը։

   Պատասխանող կողմի ներկայացուցիչ Գեւորգ Մկրտչյանը առարկեց նաև այս գործով տեսանկարահանման դեմ։  Վերջինս պատճառաբանեց, որ Արայիկ Պապիկյանը «Հելսինկյան ասոցիացիա»-ի աշխատակից է, եւ որ ինքը մտավախություն ունի, որ նիստի ընթացքը կարող է յուրովի մեկնաբանվել։

   Մկրտչյանն առարկեց, մասնավորապես նշելով․«Հարգելի՛ դատարան, դժվար չէ հատվածական մեջբերումներ անել»։ Նա  առաջարկեց մերժել ներկայացված միջնորդությունը։

Արայիկ Պապիկյանը միջնորդեց նախնական դատական նիստը հետաձգել, քանի որ հայցի հիմքում լրացման կարիք կա՝ առանց առարկան փոփոխելու։

Պատասխանող կողմը՝ Գեւորգ Մկրտչյանը, առարկեց միջնորդության դեմ՝ պատճառանաբանելով, որ հայցվոր կողմը բավարար ժամանակ ուներ դրան անդրադառնալու համար։

Դատավոր Դիանա Հովհաննիսյանը պատճառաբանեց, որ եթե կողմը նման միջնորդություն է ներկայացնում, մինչ ապացուցման բեռի բաշխումը, ապա նախագահողը պարտավոր է դատական նիստը հետաձգել։

Հաջորդ նիստի օր նշանակվեց ապրիլի 16-ին։  

   Հ․Գ.
Ի գիտություն ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչ Գեւորգ Մկրտչյանի, տեղեկացնում ենք, որ «Հելսինկյան ասոցիացիա»-ի կայքէջում մշտադիտարկման առարկա դատական նիստերի նկարահանումների տեսահոլովակները տեղադրվում են ամբողջությամբ՝ գրեթե առանց մոնտաժի, լիովին պահպանելով բովանդակային մասը։

Համոզվելու համար կարող եք համեմատել «Հելսինկյան ասոցիացիա»-ի www.hrtv.am կայքէջում տեղադրված՝ Պալատի խորհրդի ցանկացած նիստի տեսահոլովակ Խորհրդի համապատասխան նիստի ձայնագրության հետ։ 

Իսկ որպեսզի խուսափեիք Փաստաբանների խորհրդի նիստերի, ըստ Ձեզ, «յուրովի մեկնաբանություններից», կարելի է թույլատրել, օրինակ, դրանք անցկացնել հանրության համար բաց, հասանելի, առանց արհեստական խոչընդոտների, ինչպես դա արվում էր նախկինում։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1405
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association