Աբսուրդի հասնող ջայլամի հոգեբանություն
Posted by: Tatevik Danielyan
on Aug 16, 2011
«Հայկական ժամանակ» օրաթերթում այսօր տպագրված էր մի հարցազրույց մանկապղծության մեջ մեղադրվող Ախթալայի լեռնահարստացուցիչ գործարանի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի գործով տուժող, անչափահասներից մեկի մոր հետ: Չնայած մայրը համառորեն պնդում էր, որ Տեր-Պողոսյանի գործողությունների մեջ ոչինչ պախարակելի չի տեսնում, այնուամենայնիվ, նա հայտարարեց, որ «Մի տեղ մեղքի բաժինն իմ երեխունն էլ ա»: Անհայտ է, թե մի տեղ` որտե՞ղ, եթե իր կարծիքով ոչինչ տեղի չի ունեցել: Սակայն, մի կողմ թողնելով հայտարարության բարոյական և տրամաբանական կողմը, պարզապես հարցնեմ` մեղքը Ձեր երեխայի՞նն է, թե Ձե՞րը: Համարձակություն եք ունեցել ձեր երեխային վաճառելու, համարձակություն ունեցեք խոստովանելու:
Լրագրողի այն հայտարարությանը, որ իրենք գիտեն, որ գոյություն ունի տեսանյութ, որտեղ Տեր-Պողոսյանն իր որդու հետ սեռական բնույթի գործողություններ է անում, մայրը պատասխանել է. «Դե կա, բայց ես չեմ նայել, չեմ էլ ուզում նայել»: Պարզ է, եթե նա տեսանյութը չի տեսել և չի էլ պատրաստվում դիտել, ապա դա աներկբայորեն նշանակում է, որ նման բան չի եղել: Եթե չենք տեսնում, ապա գոյություն չունի: Սա կարելի է անվանել վախկոտի կամ մեղավորի հոգեբանություն, ով համառորեն չի ցանկանում նայել իրականության աչքերին, որպեսզի իր իրական պատկերը չտեսնի: Իսկ եթե այս երեխայի մայրը անգամ տեսանյութը դիտելուց հետո մնա նույն համոզման, ապա կարելի է ասել. «Ողբում եմ քեզ` Հայոց աշխարհ, մայրերդ` վաճառական…»:
Միշտ այն կարծիքին եմ եղել, որ աղքատությունը ճնշում է հոգին, բայց երբեք չեմ պատկերացրել, որ այն կարող է ստիպել սեփական երեխայի վրա շտրիխ-կոդ խփել:




