Արդեն երկու օր է, ինչ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի շուրջ 70 ցմահ ազատազրկման դատապարտված կալանավոր հացադուլ է սկսել: Կալանավորները այսպիսով իրենց բողոքն են արտահայտում ցածր կենսամակարդակի, հանձնուքներն ստանալու գինը բարձրացնելու, պահման չհիմնավորված խիստ ռեժիմի և իրենց դիմումները հասցեատերերին չհասնելու դեմ: Ցմահ դատապարտվածները պահանջում են, որպեսզի բանտային պայմանները համապատասխանեցվեն Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կոմիտեի կողմից սահմանված պահանջներին:
Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ մեր ՔԿՀ-ները իրենց երևակայել են դատական մարմին, որն ինքնագլուխ պատիժ է ծանրացնում` դատապարտյալների համար ստեղծելով անմարդկային պայմաններ: Բացարձակապես արհամարված է այն սկզբունքը` համաձայն որի դատարանի որոշմամբ զրկած իրավունքներից և ազատություններից բացի այլ իրավունքներից և ազատություններից մարդուն զրկելու իրավունք ոչ ոք չունի:
Շատ երկրներում` այդ թվում և Հայաստանում, մահապատիժը հանվել է, մարդու կյանքի գերակայության սկզբունքից ելնելով, սակայն այսօր ՔԿՀ-ների պայամանները մահն ավելի նախընտրելի են դարձնում:






