Այսօր ՀԱԿ ակտիվիստները, անտեսելով ոստկանության «Մի՛ արեք» հետևողական կոչերը, կրկին դուրս են եկել մարտի մեկին կայանալիք արտոնված հանրահավաքի մասին հասարակությանն իրազեկելու: Շրջելով բակերով` նրանք թերթեր ու թռուցիկներ են բաժանել` «լուրջ սպառնալիք ներկայացնելով քաղաքի և քաղաքացիների բնականոն կյանքին»: Ակտիվիստների ետևից որոշակի հեռավորության վրա մեքենայով շրջել են լրագրողներ և դիտորդներ: Նար-Դոսի փողոցի բակերից մեկում երիտասարդներին են մոտեցել երկու ոստիկանական հագուստով և երկու քաղաքացիական հագուստով անձնավորություն, ովքեր առանց ներկայանալու կամ ինքնության փաստաթուղթ ներկայացնելու հայտարարել են, որ այդ վայրում իրազեկման աշխատանքներ իրականացնել չի կարելի: Այդ պահին վրա են հասել լրագրողները, ում ներկայությունն անակնկալի է բերել իրենց «ոստիկան» կոչող անձանց: Ակտիվիստները, սակայն, բակից հեռացել են իրենց «հանցավոր» գործողություններն ավարտելուց հետո միայն:
Այնուհետև իրադարձությունները զարգանում են ինչպես ֆիլմերում, երբ ոստիկանները սերիական մարդասպանների կամ ահաբեկչական գործողություններում կասկածյալների են հետապնդում: Հինգ ոստիկանական մեքենաներ, հետևելով «կարգազանցներին» մինչև Կառավարության շենքի մոտ, կտրում են նրանց ճանապարհը և ստիպում դուրս գալ մեքենաներից: Երիտասարդներին պահանջներ չեն ներկայացվում այնքան ժամանակ, մինչև որ «դեպքի վայր» են ժամանում քաղաքային վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը և Երևան քաղաքի պարեկապահակային գնդի հրամանատարը: Այստեղ սկսվում են «վնասազերծման աշխատանքները» քաշքշուկի և մայթի վրա երիտասարդներին հրել-գցելու տեսքով, ինչով և ավարտվում են «հասարակապաշտպան» գործողությունները:
Ժողովու՛րդ, փրկության քո վերջին հույսը, որը գաղափարի համար իրենց վտանգի ենթարկող երիտասարդներն են, այլ ոչ թե Ռուսաստանը, Ամերիկան կամ Եվրոպան, փորձում են կոտրել: Որքա՞ն ժամանակ ես պատրաստվում պասիվ դիտորդի կամ ջայլամի դերում մնալ: Միգուցե փորձե՞ս պաշտպանել քեզ և քո ապագան:
Տեսանյութ` http://www.youtube.com/watch?v=5qliPS0C_8Y&feature=player_embedded
Տեղեկատվությունը տրամադրվել է Հելսինկյան Ասոցիացիայի աշխատակից Արման Վեզիրյանի կողմից:





)))


